Պարտվեցինք, երբ ջութակ նվագողին անվանեցինք ալամեզոն, կրթվածին՝ դոդիկ: Պարտվեցինք, երբ 7–8–րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց ու գրատախտակի մոտ գնալուց, որովհետև դասարանի «լավերը»՝ տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփախչողին՝ ղզիկ անվանում: Պարտվեցինք այն ժամանակ, երբ անգամ մանկապարտեզում երեխան հասկացավ, որ իր խմբի Անուշիկը ավելի լավ է ապրում, քան ինքը: Երբ մի քիչ մեծացավ, իմացավ նաև պատճառը. Անուշիկի հայրը, պարզվեց, պաշտոնյա է, իսկ իր հայրը՝ օպերային երգիչ: Պարտվեցինք այն ժամանակ, երբ ընտանիքով հեռուստացույցով բալետ տեսնելիս հայրը երեխաների ներկայությամբ այսպես էր ասում. «Սրա տնեցիք էլ պիտի ասեն՝ պապան գնացել ա գործի»: Մենք պարտվեցինք, որովհետև բանակում կիսագողական բարքեր էին: Սպային որպես ծնող չվերաբերվեցինք, այլ որպես «շախ», իսկ հետի զինվորին համարեցինք տասովչիկ, ոչ թե եղբայր: Պարտվեցինք, որովհետև դպրոցն ավարտելուց հետո երեխան չէր ուզում դառնալ քիմիկ, որովհետև տեսել էր, թե ինչպես է ապ...